Բավ է պառակտվել
21-01-2022 15:56

Փաշինյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ ընդունել է Երևանում գտնվող ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմի (2020թ․ Արցախում՝ խմբ․) հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Որբաթ ավելի վաղ կայացել էր Դյումոնի և Կլաարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Սոչիում և Բրյուսելում կայացած հանդիպումները

Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի հետ, իսկ դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրույց ունեցան Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդինախագահ Չարլզ Միշելի հրավերով։
Սոչիում և Բրյուսելում կայացած բանակցությունների առանցքային թեմաներն էին տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։ Նշվել է, որ երկաթուղին կգործի միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային նորմերին համապատասխան՝ երկրների ինքնիշխանության և իրավասության մեջ փոխադարձության սկզբունքով։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման խնդիրներին, ինչի կապակցությամբ Եվրամիությունն առաջարկել է կողմերին տրամադրել փորձագիտական ​​առաքելություն, ինչպես նաև հումանիտար հարցերին, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը։