Բավ է պառակտվել
24-11-2018 14:31

Նիկոլ Փաշինյանը "համաերևանյան" երթ է անցկացնում (Տեսանյութ)

Շաբաթ առավոտյան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին հավաքել է իր համախոհներին “համաերևանյան երթի”։

Երթը սկսվել է Երևանի Նոր Նորք շրջանից։ Մասնակիցները նախատեսում են անցնել “Երևանի բազմաթիվ փողոցներով”։

“Կփորձենք անցնել քաղաքի բոլոր շրջաններով։ Հուսով եմ, այսպես մենք ևս մեկ անգամ կհայտարարենք Հայաստանի հպարտ քաղաքացու հաղթանակի մասին”,- երկու օր առաջ ասել է Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքերով, երթը նաև “հանդիպելու և զրուցելու” լավ առիթ է։

Երթից անմիջապես առաջ Փաշինյանը հայտարարել է, որ “Իմ քայլը” դաշինքը լիովին կատարել է քաղաքացիներին տված բոլոր խոստումները։ Ինչպես ընդգծել է նա, “Հայաստանում այսօր իշխանությունը վերադարձվել է ժողովրդին”։

Նշենք, որ հոյեմբերի 26-ին Հայաստանում մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գլխավորում է “Իմ քայլը” դաշինքը, որն, ըստ վերլուծաբանների, համոզիչ հաղթանակ կտանի։

Փաշինյանն իշխանության է եկել այս տարվա ապրիլ - մայիս ամիսներին տեղի ունեցած փողոցային բողոքի ակցիաների ալիքի վրա՝ ուղղված հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված այն ժամանակվա գործող իշխանությունների դեմ։

ՀՀԿ-ն, որը նույնպես մասնակցում է ներկա ընտրություններին, պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը “չարաշահում է վարչական ռեսուրսը”: Փաշինյանի քաղաքական հակառակորդները նաև քննադատում են նրան “ավելորդ պոպուլիզմի” համար: Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կտրականապես մերժում է նման մեղադրանքները: