Բավ է պառակտվել
12-01-2023 18:27

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին մասին համաձայնագիրը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Այսուհետ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն սահմանը կարող են հատել նույնականացման քարտով

«2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1,6 միլիոն մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90 տոկոսով։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է մոտ 190 հազար մարդ, և այս թիվն ակնհայտորեն աճելու ներուժ ունի»,- ասաց Փաշինյանը։

Հինգշաբթի ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» առաջարկությանը։

Ներկայումս նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստանի տարածքում գտնվել մինչև մեկ տարի, Վրաստանի քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ տարեկան 180 օրից ոչ ավել։

Ըստ առկա տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը անշեղորեն ավելանում է։ Մասնավորապես, այս ցուցանիշը 2011 թվականին կազմել է մոտ 562 հազար, իսկ 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար մարդ։ 2020 թվականին COVID-19 համաճարակի պատճառով Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել էր՝ հասնելով 260 հազար այցելուի։