Բավ է պառակտվել
23-05-2022 09:38

Փաշինյանն ու Միշելը հուսով են, որ Ալիևի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

Աշխատանքային այցով Բրյուսելու գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հանդիպում է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նույն օրը նախատեսված Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը:

Փաշինյանը ր Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին և ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Հայաստանի վարչապետը և Եվրախորհրդի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:
Ինչպես նախօրեին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: