Բավ է պառակտվել
14-12-2021 20:14

Փաշինյանն ու Միշելը հույս են հայտնել, որ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը, հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:
Երկուստեք ընդգծվել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ու այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերի կարևորությունը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունն` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: