Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
2021 թվականի հուլիսին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին հատկացվելիք առաջիկա 5 տարիների ընթացքում 2,6 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ հինգ հիմնական ծրագրերի ֆինանսավորումը։ Այդ միջոցները կուղղվեն մի շարք առաջնահերթութ նախաձեռնությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքներ, թվային օրակարգ, կլիմա, տրանսպորտ, ժողովրդավարական բարեփոխումներ։ Նախատեսվում է նաև միջոցների մի մասն ուղղել Հայաստանի հարավային մարզերի (մասնավորապես՝ Սյունիքի) կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման ամրապնդմանը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ավարտին։

Բավ է պառակտվել