Բավ է պառակտվել
19-11-2022 21:05

Փաշինյանը և Թրյուդոն քննարկել են Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանն առնչվող հարցեր

Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Փաշինյանն ու Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Հայաստանի վարչապետը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:

Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը Թրյուդոյին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և հայկական կողմի դիրքորոշումը դրանց վերացման հարցում։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: