Բավ է պառակտվել
08-10-2018 11:36

Փաշինյանն ու Ծառուկյանը կքննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի օրը հանդիպել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ, գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կողմից ԱԺ լուծարումը կանխարգելող օրինագիծն ընդունելուց հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց փողոց է հանել և ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ հայտարարել ”Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ) և ՀՅԴաշնակցություն կուսակցությունների անդամ նախարարներին աշխատանքից ազատելու մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ հեռացման հրամանները դե յուրե ուժի մեջ մտնելուն պես հրաժարական կտա։

Նույն օրը, խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից հետո Փաշինյանը հայտնել է, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները չեն ներկայացնի վարչապետի թեկնածություններ, խորհրդարանը կլուծարվի, իսկ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերիի առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, ավելի ուշ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մի հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

“Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում փաստորեն պաշտպանել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք”,- ասել է Փաշինյանը երկուշաբթի օրը՝ Քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո։

“Ծառուկյան” դաշինքի առաջնորդ, “Բարգաված Հայաստան” կուսակցության հիմնադիր, հայտնի հայ գործարար Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 5-ին “Կենտրոն” հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին, բայց նաև նշել է, որ անհրաժեշտ է շարժվել կառավարության ծրագրերի կետերին համապատասխան։