Բավ է պառակտվել
03-08-2021 22:41

«Հայ-ադրբեջանական սահմանազատումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն»․ Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Նա հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:

Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Ֆրանսիայի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում: