Բավ է պառակտվել
03-06-2020 11:10

Ես ո՞նց անեմ, «սպեցնազը» հանեմ, ժողովրդին ծեծ ու ջարդով տանեմ տնե՞ր. Փաշինյան (Տեսանյութ)

Մեղավորներ փնտրելու խնդիր չկա, այլ կա հարց՝ ուզո՞ւմ ենք հաղթահարել այս վիճակը, թե՞ ոչ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կան հստակ կանոններ, և դրանց պետք է հետևել, որպեսզի վարակի օրական դեպքերը նվազեն. «Երբ հարցը վերաբերում է սեփական առողջությանը, մեղավորը ո՞րն է: Եվ ի վերջո պետք է ճանաչել, առերեսվել իրավիճակի հետ: Մենք կարգի, օրենքի նկատմամբ, մեր վերաբերմունքի հետ կապված, գլոբալ պրոբլեմ ունենք»։ Անդրադառնալով երեկվանից իր հայտարարած ֆլեշմոբին, որտեղ հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ բանկերի դիմաց կամ այլ վայրերում կուտակումներ ստեղծում։
«Մեր պլանը ո՞րն է, որ ոստիկանական մահակներով հերթ կանգելու հարցը լուծե՞նք, ամեն բանկ ինքն է պարտավոր այդ հարցը լուծի», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կանոնները պահպանելու հետ պրոբլեմ կա ու երեկ շատ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ։
«Մեկ էլ անընդհատ Արցախի նախագահի ինագուրացիան են պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում, ոչ մի օրենք չի խախտվել, այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ՝ ինչ-որ շրջանակներ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` բոլորը կարող են քննադատել ոստիկանության աշխատանքը։ Ասաց` երեկ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, սակայն մնում է այն համոզման, որ այս իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյու քաղաքացի անհատական պատասխանատվություն դրսևորի։
«Սա կարգուկանոնի խնդիր է։ Ես որ խոսքով, հաղորդակցությունով դարձել եմ վարչապետ, հիմա պետք է «սպեցնազը» հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ նման բան, ես դրան սովոր չեմ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործելու։ Օրինակ` գիշերը «Մեյմանդարում» հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել և շուրջ երեք տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել։
Անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկային սպասարկող ավտոբուսին և անվտանգության կանոնների չպահպանմանը, վարչապետը նշեց, որ ֆաբրիկայում արդեն 36 հաստատված դեպք կա, 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, բայց փաստ է, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չեն վերաբերվում։
«Իրար պետք է ամոթանք տանք, ասենք էս ի՞նչ եք անում, սթափվեք, իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, որովհետև եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը, իսկ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետև էդ ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության, մենք մի մարմին ենք, մեզ հնարավոր չի տարանջատել», - ասաց նա։

 

 

 

Արմինե Գևորգյան