Բավ է պառակտվել
06-10-2021 20:49

«Հայրենիքն ինձ համար այն վայրն է, որը լքված տարածքի տպավորություն չի թողնում»․ Փաշինյանը՝ Շուշիի մասին հարցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատասխանեց Շուշիի մասին պատգամավորի հարցին:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Շուշիի մասին Փաշինյանի հայտարարության համատեքստում, թվարկեց միլիոնավոր դոլարների քաղաքաշինական մի շարք աշխատանքներ, որոնք իրականացվել են Շուշիում 90-ականներից ի վեր:

Լիտվա կատարած այցի ընթացքում վարչապետը Շուշի քաղաքի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ. «Շուշիի մասին, որ այդքան խոսում ենք, 30 տարվա ընթացքում Շուշիում քա՞նի բնակելի շենք է կառուցվել, ինչո՞ւ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չեն ունեցե՞լ»:Այս հայտարարության վերաբերյալ հարցն արդեն հնչեցվել էր խորհրդարանի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կողմից:

Փաշինյանն, ի պատասխան պատգամավորի թվարկած ծրագրերի, ասաց, որ այս ամենը կազմում է Հաղթանակ զբոսայգու հարակից մի քանի տան արժեքը:

«Լավ, ներդրումներ են կատարվել Մոնումենտում (Երևանի թաղամաս Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ. խմբ.) չորս առանձնատան գնով, գերազանց է։ Հինգ, տաս տան, իսկ հետո՞», - ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախի կառավարությունը 2018 -ից հետո հայտարարել էր ներդրումային ծրագրերի մասին: Նա նաև նշեց, որ պատերազմից հետո կառավարությանը մեղադրեցին սադրիչ քայլի համար, որը հանգեցրեց պատերազմի՝ այն բանի համար, որ Արցախի նոր նախագահի երդմնակալությունն անցկացվել էր Շուշիում:

Իր հերթին, Գալստյանը ասաց, որ ոչինչ չունի պատասխանելու վարչապետի խոսքերին, քանի որ իր համար «հայրենիքը հայրենիքն է», իսկ նրա համար՝ «կադաստրային և շուկայական գինը», և այս դեպքում նրա հետ խոսելու ոչինչ չունի։

«Ինձ համար հայրենիքն այն վայրն է, որտեղ մարդիկ ապրում են, որը լքված տարածքի տպավորություն չի թողնում: Ես չեմ ուզում վերադառնալ և խոսել այն մասին, թե ինչ ներդրումային ծրագրերի մասին ենք մենք խոսել և հայտարարել, և ինչը գնահատվել է որպես սադրիչ գործողություն», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հարց բարձրացրեց, թե որտեղ էին ապրելու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները, ովքեր, որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, պետք է մասնակցեին հանրաքվեին, եթե նման բան տեղի ունենար:

«Շատ լքված գյուղեր կան, ուստի մենք այնտեղ տանող ճանապարհներ ենք կառուցում, կառուցում ենք մանկապարտեզներ, դպրոցներ, անց ենք կացնում լուսավորություն և ջրամատակարարում: Մենք այդպես ենք վարվում լքված գյուղերի հետ: Այդ պատճառով ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում է կատարվել Սյունիքի լքված գյուղերում վերջին ամիսներին», - ասաց նա:

Վարչապետը շեշտեց, որ իրենց համար «հայրենիքը ոչ թե կենաց է, այլ մարդ, ծրագիր, որն իրականացվում է»:

«Եթե մեր կառավարությունում լինեին մարդիկ, ովքեր միլիոնատեր դարձան իրենց հայրենիքի հաշվին, այդ դեպքում կխոսեինք: Եվ ես չեմ կարծում, որ մարդիկ, ովքեր միլիոնատեր են դարձել իրենց հայրենիքի հաշվին, այսօր կարող են դասեր տալ հայրենիքի և հայրենասիրության մասին», - ասաց նա: