Բավ է պառակտվել
13-02-2020 20:03

Այսօր հայ-գերմանական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են (Տեսանյութ)

Հայաստանն ու Գերմանիան կապված են փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով, որոնք Երևանում մտադիր են ամրապնդել և առաջ մղել։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը։

“Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար”,- ասել է նա:

Փաշինայնը նշել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հանդիպում Գերմանիայի կանցլերի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հայկական կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնել բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այս համատեքստում նա նշել է GIZ-ի և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:

Նշելով, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին կկայանա “Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020” համաժողովը՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:

“Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը”,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի շահագրգռվածությունը երկրում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ:

“Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:
Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա”,- ասել է Փաշինյանը։