Բավ է պառակտվել
28-05-2019 15:25

“Մեր տարածաշրջանում ՀԱՊԿ գործունեությունը պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության ապահովմանը"

Փաշինյանը Զասի հետ հադիպմանը. “Մեր տարածաշրջանում ՀԱՊԿ գործունեությունը պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության ապահովմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին։ Ինչպես տեղեկացրել է վարչապետի մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Վարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: 
«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և մեր երկիրը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - ասել է Փաշինյանը: 
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: 
Փաշինյանը հույս է հայտնել, որ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը: 
Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: 
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին: 
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: 
Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը կուղղի հենց այդ նպատակների իրագործմանը, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:
Նա նաև շնորհավորել է կառավարության ղեկավարին և հայ ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: