Բավ է պառակտվել
15-11-2021 15:45

Փաշինյանը Հայաստանի ԱԽ նիստին բացատրել է պաշտպանության նախարարին փոխելու իր որոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Վարչապետը նշել է, որ երեկվանից այդ կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի հանդիպում ու քննարկումներ են ունեցել։
«Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին»,–ասել է նա:
Այդ կապակցությամբ Փաշինյանն ընդգծել է, որ որոշում է կայացրել ազատել Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը վարչապետի առաջարկով հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Կառավարության ղեկավարի առաջարկով ստորագրված մեկ այլ հրամանագրով նախագահը պաշտպանության նախարար է նշանակել Սուրեն Պապիկյանին, ով ավելի վաղ ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից։

«Այդ որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա», - պարզաբանել է Փաշինյանը:

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը զեկույց է ներկայացրել ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին։ Փաշինյանի առաջարկով իրավիճակի վերլուծություն է տեղի ունեցել և մի քանի ուղղություններով փորձել են որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ:

Վարչապետն ասել է, որ այսօրվա նիստի ընթացքում մասնակիցները նախ կլսեն Արտակ Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին։

«Մենք նաև կվերլուծենք իրավիճակը և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։