Բավ է պառակտվել
15-10-2021 14:13

Երկարատև խաղաղության հասնելու գլխավոր հարցը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Փաշինյան

ԱՊՀ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու խնդիրները և նշել, որ «գլխավոր հարցը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

«Դրա համար մենք կարևոր ենք համարում բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին ամիսներին համանախագահներն իրենց զեկույցներում բազմիցս նշել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը։

«Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում ՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ», - ասել է նա:

Նա նշել է, որ կարևոր քայլ կլինի համանախագահների տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ սպասվող այցը: