Բավ է պառակտվել
13-05-2021 12:09

Փաշինյանը նախապես ծրագրված սադրանք է անվանել ադրբեջանական ԶՈւ առաջխաղացումը Սյունիքում (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրված սադրանք է անվանել ադրբեջանական ԶՈւ առաջխաղացումը Սյունիքի Սև լիճ տեղանքում։

Չորեքշաբթի հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում մոտ 200 ադրբեջանցի զինվորականներ հատել են պետական սահմանը և շուրջ 3,5 կմ առաջ եկել Գորիսի մոտակայքի Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Այս առնրությամբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը և ԱԱԾ-ն հերքեց Իշխանասարի ուղղությամբ փոխհրաձգության մասին լուրերը։

Հինգշաբթի կառավարության նիստում Փաշինյանը նշել է, որ նախորդ օրն Ադրբեջանի զինված ուժերը դիմել են սադրանքի և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի տեղանքում։

«Երեկվանից ստեղծված իրավիճակի էական փոփոխություն չկա։ Իրադրությունը շարունակում է մնալ նույնը, սա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ նաև մեծ թվով մեր զինվորների ներկայություն կա: Բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա, երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին, նա նշել է, որ կատարվածը նախապես ծրագրված սադրանք է։

«Պետք է արձանագրել, որ կատարվածը նածապես ծրագրված սադրանք է, քանի որ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս, բայց այդ քարտեզները կեղծված են, դա ակնհայտ է և երևում է դեռևս խորհրդային տարիներին հաստատված քարտեզները համեմատելիս։ Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ապացուցում է, թր մենք գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, անշուշտ, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորներն անցնեն միջդիրքային տարածքները, հատեն սահմանն ու հասնեն Սև լիճ։
Նա նշել է, որ սա առանձին քննարկման խնդիր է, որն անպայման կդիտարկվի:

Վարչապետի պաշտոնակատարը նայել անդրադարձել է լրատվական դաշտում ստեղծված իրավիճակին, երբ նշվում է, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են տեղեկատվությունն, իսկ հետ այն հաստատվել է։

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, սպանվածների մասին ապատեղեկատվությունն, իսկ մինչ լրիվ գնահատական տալն ուսումնասիրվել է իրավիճակը և ներկայացվել լիարժեք տեղեկատվություն։ Այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը և որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տեղում, իսկ կառավարության նիստից հետո տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, որին մանրամասն կքննարկվեն իրավիճակն ու զարգացումները, կկայացվեն համապատասխան որոշումներ՝ ապահովելու իրավիճակի հետագա կառավարումը:
«Մեկ անգամ էլ ուզում եմ արձանագրել, որ ստեղծվել է մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, գործել սկզբունքորեն, շատ խոհեմ, վճռական, սկզբունքային, և պետական մարմինները պետք է համատեղեն իրենց ջանքերը, ապահովեն համագործակցության բարձր մակարդակ՝ խնդրի լուծման համար: Մենք բոլորս կցանկանայինք, որ նրանք ինչպես եկել են, այնպես էլ վերադառնային իրենց նախնական դիրքերը, և մենք պետք է լուծենք այս խնդիրն», - ասել է Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Դրանից հետո Սյունիքում անցան բողոքի ակցիաներ. բնակչությունը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերում դեմարկացիոն աշխատանքներով։ Թշնամին իր դիրքերը տեղակայեց Կապան քաղաքին շատ մոտ՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Բացի այդ, Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ դեպի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հայտնվեց թշնամու տարածքում: