Բավ է պառակտվել
29-03-2019 21:58

Փաշինյան․”Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում հեղափոխություն է եղել”

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում հեղափեխություն է եղել։

Վիենայում ուրբաթ կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, նախ՝ ընդլայնված կազմով, ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև՝ դռնփակ, որից հետո երկրների ղեկավարներին նորից միացել են արտգործնախարարներն ու համանախագահները։

“Ընդհանուր առմամբ, հանդիպումը դրական եմ գնահատում։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, կամ որևէ առանցքային իրադարձություն։ Կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի, պատկերացումների այն գործընթացի մասին, որի մասին ես խոսել եմ Ստեփանակերտում”:

Փաշինյանը նշել է, որ հանդիպումը դրական է գնահատում և հույսով է, որ Ալիևի գնահատականը նույնն է։

“Ուզում եմ կարևոր մի նրբության անդրադառնալ, որ երբ ասում եմ՝ հանդիպումը դրական եմ գնահատում, չի նշանակում, թե այս հանդիպման ընթացքում եղել է որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն: Սա կարևոր է ընդգծել”։

Նրա խոսքերով, մինչ այժմ նման մոտեցևմ է եղել։

Միաժամանակ, Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ երկու կողմն էլ հասկանան, որ բարդ խնդրի հետ գործ ունեն։

Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանը նշել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացի հիմքում պետք է լինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք թույլ չեն տալիս տարբեր մեկնաբանություններ: Նա նաև նշել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին քմահաճություն կամ նախապայման չէ, այլ վկայում է ղարաբաղյան կարգավորմանը նրա մասնակցության կարևորագույն նշանակության մասին: