Բավ է պառակտվել
05-09-2018 09:50

Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձի մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում այն բանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Փաշինյանը համարում է, որ “դա անձնական հարաբերությունների հարց է”։

Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակվել էր նրա անձնական կայքեւմ, այս նորությանն անդրադարձել էին նաև ռուսական դաշնային հեռուստաալիքները։ Հայաստանի քաղաքագետների շրջանակների գնահատմամբ Պուտինն այսպիսով ուղերձ էր հղել պաշտոնական Երևանին՝ կապված 2008թ․ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու հետ։

Այս առիթով վարչապետն ասել է։ “Ընդհանրապես, հասցնելով ճանաչել Ռուսաստանի նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ մարդկային հարաբերությունները նրա համար առանձնակի նշանակություն ունեն”:

Ի պատասխան նկատառմանը, որ Պուտինը 10 տարիների ընթացքում հանրորեն չէր շնորհավորել Քոչարյանին, վաչրապետը պատասխանել է, որ չի հետևում ուշադիր այդ վիճակագրությանը։

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպելու է մոտակա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին։ Հայաստանի վարչապետը, չանդրադառնալով մանրամասներին տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր հարցերը։

Մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվային անհանգստացնում է, որ տաս տարվա վաղեմության իրադարձությունները հետաքննելիս իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ՝ Նիկոլ Փաշինյանը կատակել է․“դե, շոգ էր այսօր բավականին”:

Հեղափոխությունից հետո Փաշինյանը չի հարցաքննվել մարտի 1-ի գործով, սակայն ասել է, որ անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ է դրան։

Վարչապետը ձեռնպահ է մնացել քաղաքական գնահատական տալ Քոչարյանի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվելով, խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշմանը։ “Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրադարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և նման ցանկություն կհայտնեն՝ կմասնակցեն դրանց”,-ասել է նա”։

Մեկնաբանելով իր համակուսակիցներից մեկի՝ “Իմ քայլը” դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ արված աղմկահարույց հայտարարությունը, որ իրենց “թիմի դեմ խաղ չկա”, ինչպես նաև այն, որ վերջինս սևի ու սպիտակի էր բաժանել նախընտրական պայքարին մասնակցող ուժերը, ինչը խիստ քննադատության էր արժանացել հանրութայն և քաղաքական ուժերի կողմից՝ վարչապետն ասել է․
“ Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա: Հայկ Մարությանն էլ է ընդունել, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Այդ պատճառով կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևը”։

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահին՝ վարչապետը կտրականապես հերքել է ԶԼՄ հաղորդումներն այն մասին, որ մտադիր է աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանի օրոք նախագահ նշանակված Արմեն Սարգսյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը Մեծ Բրիտանաիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, չնայած՝ հեղափոխության օրերին Փաշինյանն ասել էր, որ Արմեն Սարգսյանն իրեն ցույց է տվել այդ փաստաթուղթը։ Ավելին, մամուլը գրում էր, որ նախագահի պաշտոնի համար Փաշինյանի թեկնածուն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։

“Եկեք անհեթեթություններ չասենք,-այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։ - Հայաստանի հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռևս 7 տարի պետք է պաշտոնավարի”։

Ի պատասխան հարցերին, թե ինչու՞ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում նա չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան նվիրված տոնակատարություններին, այն դեպքում երբ այդ օրը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Ստեփանակերտում։
“ԼՂՀ Նախագանն իր ելույթում ասել է, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող նախագահը երեք ամսվա մեջ երեք անգամ լինում է Ստեփանակերտում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունը շատ բարձր մակարդակով էր ներկայացված։ Ներկա էին Հայաստանի նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած այլ մեկնաբանություններ ավելորդ են։ Ե՛ս չեմ որոշում, թե ով է մասնակցելու Ստեփանակերտում միջոցառումների, իսկ ով՝ ոչ”,-ասել է վարչապետը։