Բավ է պառակտվել
15-06-2022 22:41

Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար առանցքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Հայկական կողմը հակամարտության կարգավորման հիմքում դնում է ոչ թե (Արցախի) կարգավիճակը, որից բխում են իրավունքներն ու անվտանգությունը, այլ (Արցախի ժողովրդի)իրավունքների և անվտանգության երաշխիքները, որոնցից բխում է կարգավիճակը», - ասել է նա չորեքշաբթի օրը խորհրդարանում։

Նրա խոսքով, արձանագրվում է, որ այս իրավիճակում կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։

«Այս մոտեցումը հասկանալի է միջազգային հանրությանը, և ավելի հասկանալի է դարձնում մեր մոտեցումը և ղարաբաղյան հակամարտության էությունը: Բայց կա նաեւ մի շատ կարեւոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որն իսկապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պետք է մեզ համար իրական լուծում համարվի»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ մեր պետության գոյության և անվտանգության միակ երաշխիքը համապարփակ խաղաղությունն է։

«Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն, դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված, հիմա մենք փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով»,- ասել է նա։