Բավ է պառակտվել
17-07-2019 23:07

Փաշինյանը բացատրել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում արդյունքների բացակայության պատճառը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի տված հարցազրույցում բացատրել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների անարդյունավետությունը՝ նախ պատասխանելով հարցին, արդյո՞ք աշխատում է թեժ գիծը։

“Թեժ գիծն աշխատում է, բայց, ցավոք, դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք։ Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք”,- ասել է վարչապետը։

Ըստ նրա, այսօր, երբ նա միջազգային գործընկերներին բացատրում է, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում է, որ պատճառն իր այն նախադասությանն է, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

“Սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի։ սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար։ Ինչո՞ւ չկա առաջընթաց, որովհետեւ Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիև՝ խմբ) նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել”,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ մինչև նման նախադասություն չարտաբերվի, բանակցություններն արդյունավետ չեն լինի։

“Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ հակամարտության լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի համար ուրեմն նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին”,-ասել է նա։