ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չընդունեց ՀԱՊԿ օգնությունը։
«Մենք ակնկալում ենք, որ տեղի ունեցածին քաղաքական գնահատական կտրվի։ Այս համատեքստում շատ է շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել և մենք հրաժարվել ենք օգնությունից: Սա կարևոր է պարզաբանել, այնտեղ կար մի տող` ցուցաբերել օգնություն ՀՀ–ին, այդ թվում` ռազմատեխնիկական։ Նախ` պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Բացի այդ, ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ առանց հստակ գնահատականի դիտորդական առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ։
Այս առնչությամբ վարչապետը պարզաբանեց, որ Պրահայում, օրինակ, կողմերը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի 1991-ի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստան։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, առանց ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական գնահատականի, կազմակերպության դիտորդներն անելիք չունեն, քանի որ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են դիտարկելու։
«Այս ամենի արդյունքում․ անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են։ Ոչ, Ավելացե՞լ են․ հնարավոր է՝ այո։ Բայց մեր գնահատականներն այնպիսին են, որ եթե այս փաստաթղթերն ընդունվեին ներկայիս տեսքով, մարտահրավերները չէին քչանա, ընդհակառակը, կշարունակեին ավելանալ»,- ասաց Փաշինյանը։
Նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների հիմնական քննարկումից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան։
«ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով, որ ստորագրման ներկայացված Հայաստանին աջակցության վերաբերյալ ՀԱՊԿ հռչակագրի նախագիծը բավականաչափ լրամշակված չէ։