Բավ է պառակտվել
19-01-2022 18:40

Փաշինյանը պարզաբանել է, ինչու է Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ բանակցությունների հատուկ ներկայացուցիչ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անձամբ է որոշել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ և կրում է նրա գործողությունների ողջ պատասխանատվությունը։

«Ռուբինյանին այս կարգավիճակը շնորհելու որոշումն անձամբ եմ կայացրել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդին»,- ասաց նա՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ .

Փաշինյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում, անձամբ ինքն է կրում գործընթացի ողջ պատասխանատվությունը։

«Ես Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեմ: Եվ ես այդպես վարվել եմ, որ հանկարծ, ենթադրենք, թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա և զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվություն, լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը», - ասաց նա:

Հունվարի 17-ին ԱԺ նիստի ժամանակ Ռուբինյանի հասցեին մեղադրանքներ հնչեցին «Թուրքիայի ազդեցության գործակա» լինելու մեջ։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների, երկրորդ հանդիպման օրն ու վայրը կորոշվի պատշաճ ժամանակ դիվանագիտական ​​ուղիներով։

Ուրբաթ օրը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամլո ասուլիսում ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասաս, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ այս գործընթացում Ռուսաստանի դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատման հարցում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։