Բավ է պառակտվել
16-06-2022 21:31

Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

Այս մասին նա ասաց հինգշաբթի Երևանում կայացած երթի ավարտին, արձագանքելով Փաշինյանի ելույթին խորհրդարանում։

Նախօրեին Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում, որ հայկական կողմը հայեցակարգի հիմքում դնում է ոչ թե Արցախի կարգավիճակը` դրանից բխեցնելով արցախահայության անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այլ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։ Նրա խոսքով՝ արձանագրվում է, որ կարգավիճակը տվալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։

«Նա (Փաշինյանը) ասաց, որ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար։ Նա բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Եվ այսօր Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանի հետ ունեն պայմանավորվածություն` որևէ պարագայում Արցախի կարգավիճակի մասին չխոսելու։ Սա այն է, ինչ մենք ամիսներ շարունակ ասում ենք․ որ Ալիևն ու նիկոլը ունեն պայմանավորվածություն` երկիրը կտոր-կտոր հանձնելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ այդ հարցը մանրամասն կքննարկվի հունիսի 18-ին՝ շաբաթ օրը, Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքում։

«Կխոսենք նաև «Հայաստանն առանց Նիկոլի» մասին և կներկայացնենք, թե ինչպես, ինչ քայլերով ու ծրագրերով նրանց (ներկայիս իշխանության- խմբ.) վերացումից հետո երկիրը դուրս կբերենք այս վիճակից»,- հավելեց նա։

Հունիսի 15-ին «Դիմադրություն» շարժումը, որը պահանջում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապամոնտաժեց շուրջ մեկուկես ամիս Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում գտնվող վրանային քաղաքը։

Ինչպես հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, վրանային քաղաքը կատարել է իր առաքելությունը, և այսուհետ ընդդիմադիր շարժման գործողությունները պետք է բխեն նոր ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է. կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Հայաստանի վարչապետի պաշտոնից։