Բավ է պառակտվել
30-08-2022 19:13

Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ Ալիևի և Միշելի հետ հանդիպելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Երեքշաբթի օրը Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ Ըստ հայկական կողմի՝ Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի ղեկավարը կարևորել են երկխոսության շարունակությունը և Բրյուսելում բանակցությունների արդյունավետության հույս են հայտնել։

Ավելի վաղ, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման համար աշխատանքային խումբ կազմակերպելու շուրջ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմից նշել են, որ հանդիպման արդյունքներով համապատասխան հաղորդագրություն կտարածվի։