Բավ է պառակտվել
04-08-2021 09:47

Փաշինյանը խոսել է ադրբեջանցի զինծառայողների ներխուժման պայմաններում Հայաստանի ԶՈւ պասիվության մասին

Երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը ՊՆ աշխատակազմին և բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին։ Տեղեկությունը հաղորդում է վարչապետի մամլո ծառայությունը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին ՊՆ-ում նրա կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին նախարար նշանակվելու կապակցությամբ։ Վարչապետը նշեց, որ որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում:

«Ես խոսում եմ տարածաշրջանի իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Առաջինն՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ դիրքորոշումն ի սկզբանե եղել է հետևյալը

«Քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը»,- ասել է Փաշինյանը։

Նշելով, որ Հայաստանն ունի իր սեփական օրակարգը՝ Փաշինյանը հայտարարել է, որ իրականում Բաքուն փորձ է անում հնարավորություն չտալ լուծել Հայաստանի կառավարության օրակարգի հարցերը։ Վարչապետն ընդգծել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կառավարության առաջնահերթություններից է:

«Ադրբեջանը փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ»,- ասել է նա:

Ոաշինյանը նշել է, որ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ:
«Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք»,- շեշտել է նա։