Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico Europe-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Բանակցային գործընթացում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել։ Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել՝ պիտի ասեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության պարագայում և 86 600 քառակուսի կմ Ադրբեջանի պարագայում՝ տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում այնքան էլ պարզ չէ, մինչդեռ հայկական կողմը դա հաստատել է։ Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով:
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, շատ նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա»,- ասել է Փաշինյանը, նշելով, որ իր նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով: