Բավ է պառակտվել
20-11-2019 19:11

Փաշինյանն ացելել է Մխիթարյան միաբանություն և ծանոթացել ջրհեղեղի հետևանքների հետ (տեսանյութ)

Չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Իտալիա: Այս մասին հայտնում են կառավարության մամլո ծառայությունից:

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիանը վարչապետին ներկայացրել է Վենետիկում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները: Նրա խոսքով՝ ողողվել են շենքի ստորին հարկերը, քանդվել են եկեղեցու հիմքերը, հարավային պարիսպը, վնասվել են որոշ ձեռագրեր և զարդեր, բայց միաբանությունը մշակութային լուրջ վնաս չի կրել: Վնասի չափը ներկայումս հաշվարկվում է:

“Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը: Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։ Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։ Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց”,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Միաբանությունն արմատների հետ հաղորդակցության մի կարևորագույն գիտական օջախ է դարձել։

“Ես համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը որպես մեր գիտության և մշակույթի խորհրդանշական կոթող, դեռ շատ երկար կշարունակի իր գործնական դերակատարումն ունենալ”,- ասել է Փաշինյանը։

Մխիթարյան միաբանությունը հայկական կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ Կաթոլիկ եկեղեցու բենեդիկտինյան վանականների միաբանություն: Այն 1701 թվականի սեպտեմբերի 8-ին հիմնադրել է հայր Մխիթար Սեբաստացին։ Իր գործունեության ընթացքում Մխիթարյան միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական, կրոնական և այլ գիտականաշխատանքներ: