Բավ է պառակտվել
21-09-2020 19:33

Բնակչությունը հասցնել 5 միլիոնի, 1500 նոր աշխատատեղ ստեղծել, կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի․Փաշինյանի տեսլականը

 

Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մատենադարանում կառավարության ներկայացուցիների, մի խումբ ուսանողների և աշակերտների առջև ունեցած ելույթում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հայտարել է, որ  մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 5 միլիոնի, մինչև 2050-ը ստեղծել 1500 նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի։

Վարչապետն ընդգծեց՝ այդ ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում են մեր հավակնությունները կամ գուցե երազանքը, որի օգնությամբ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպես ենք պատկերացնում Հայաստանը 2050-ին։

«Մենք հույս ունենք, որ այս երազանքի և այս մտավոր փոփոխությունների արդյունքում մենք կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման», - ասաց նա:

Այդ համատեքստում նախատեսվում է մինչև 2050 թվականն ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Նկատելով, որ հիմնական նպատակներից է լինելու սովորելն ազգային ապրելակերպ դարձնելը՝ վարչապետը որպես չափանիշ ներկայացրեց բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում առնվազն 3 հայկական բուհի տեղ գտնելը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելը:

Այդ առումով նախատեսվում է ունենալ 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Վարչապետի ներկայացմամբ, ռազմավարության նպատակներից է նաև առողջ շրջակա միջավայրը, կլիմայադիմացկուն և էներգաարդյունավետ Հայաստանը, 25 օլիմպիական ոսկե մեդալ շահելը, Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր դարձնելը, շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչման նվաճումը, Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը 15 մլն-ի հասցնելը:

Նիկոլ Փաշինյանը ռազմավարության գաղափարներից առանձնացրեց ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում թվարկված են ազգային արժեքները:

Ըստ վարչապետի, առաջին արժեքը հայոց պետականությունն է, որը հնարավորություն է տալիս սեփական ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ, երկրորդը՝ կրթությունը, մյուս առանցքային արժեքն անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձևավորում է ընտանիք, հանրություն, ժողովուրդ ու պետություն:

«Ազգային այդ գաղափարների հիմքում դրված են մեր ազգային նպատակները: Այդ նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժևորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է»,- ներկայացրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսուհետ կառավարության ցանկացած գործողություն, որոշում պետք է միտված լինի այս ռազմավարության մեջ ներառված գաղափարների իրականացմանը։ Սակայն քաղաքական շահարկումներից խուսափելու համար պարզաբանեց` Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության ներկայացումը չի նշանակում, թե այս կառավարությունը մտադիր է գոյություն ունենալ մինչև 2050 թվականը, այսինքն` պաշտոնավարել ևս 30 տարի։

«Որովհետև մենք ընկալում ենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ոչ միայն կառավարության, որևէ կառավարության գործողություն, այլ մենք ընկալում ենք, Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում: Այս ռազմավարությունն այնպես չէ, որ ինքը մինչև 2050 թվականը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա, այստեղ պետք է տեղի ունենա այս ամեն ինչի շուրջ քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում` ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրի»:

 

 

Արմինե Գեւորգյան