Բավ է պառակտվել
12-11-2022 13:16

Փաշինյանը դրական է գնահատել Պրահայում Էրդողանի հետ հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ դրական է գնահատում Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումը։

Փաշինյանը նշեց, որ դա առաջին հանդիպումն էր Թուրքիայի նախագահի հետ, սակայն մինչ այդ հեռախոսազրույց են ունեցել։

«Ընդհանուր տպավորությունը դրական է: Պետք է նշել, որ ես դրական եմ գնահատում և՛ հեռախոսազրույցը, և՛ հանդիպումը: Մեր խոսույթներն անհամատեղելի չեն, ինչպես կարող է թվալ մամուլի հայտարարություններից», - ասաց նա։

Վարչապետն ասաց, որ եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում

«Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, բայց ես չգիտեմ, թե ինչպես կփոխվի Թուրքիայի դիրքորոշումը, եթե ակնհայտ դառնա, որ Ադրբեջանն անհիմն խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց վարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը։ Ընդգծվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացման անհրաժեշտությունը։