Բավ է պառակտվել
21-08-2019 21:36

Փաշինյանը հրաժեշտ է տվել ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Սվիտալսկուն, կոչելով նրան հայ ժողովրդի բարեկամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում։

Ինչպես տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը, Փաշինյանը բարձր է գնահատել Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում:

“Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը”,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն։ “ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա”, - ընդգծել է վարչապետը:

Սվիտալսկին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը:
“Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե′ քմասնագիտական, թե′ անձնական առումով: ԵՄ համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում”, — նշել է Սվիտալսկին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել “թավշյա հեղափոխությունից” հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Սվիտալսկուն կփոխարինի Անդրեա Վիկտորին։ Ներկայումս նա զբաղեցնում է Եվրապատվիրակության ղեկավարի պաշտոնը Բելառուսում։