Բավ է պառակտվել
26-01-2022 12:15

Փաշինյանը կրկնում է պատմական փաստերն աղավաղող ադրբեջանաթուրքական թեզերը

ՀՅԴ -ն կոշտ քննադատության է ենթարկել երկու օր առաջ ֆեյսբուքյան առցանց ասուկիսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մի շարք հայտարարությունները։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն», - ասվում է ՀՅԴ հայտարարությունում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», և, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես սփյուռքյան գործունեության արդյունք է»։

Հայ-թուրքական փաստացի սահմանի մասին

Այս առնչությամբ ՀՅԴ հայտարարությունում նշվում է, որ Փաշինյանը, հավանաբար, դիտավորությամբ մոռացությոան է մատնում այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։

«Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հաստատումը, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին՝ ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»,- հիշեցրել է ՀՅԴ հայտարարությունում։