Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Եդիայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Փաշինյանի ուղերձում նշվում է, որ ընտրությունների արդյունքները վկայում են Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունը երկրի քաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքական կուրսին:
«Մաղթում եմ ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բոլոր գաղափարների իրականացում՝ ի շահ ռուս ժողովրդի, հետագա նախագծերի իրագործում», - ասել է Հայաստանի վարչապետը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետդումայի սերտ համագործակցությունն էական ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում:
Արձանագրությունների 95,05%-ի մշակման արդյունքում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է կուսակցական ցուցակով ստացած ձայների 49,63 տոկոսն։ Ըստ քվեարկության արդյունքների՝ նրան հետևում են ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 19.20%, Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը՝ 7.48%, «Արդար Ռուսաստան․ հայրենասերները՝ հանուն ճշմարտության»՝ 7.43% և «Նոր մարդիկ»՝ 5.4 %: Այս պահի դրությամբ այս հինգ կուսակցություններն են հաղթահարում Պետդումա անցնելու հինգ տոկոսանոց նվազագույն շեմը: