Բավ է պառակտվել
11-02-2022 11:29

Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Իրանի նախագահ Ռայիսիին՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը։ Ինչպես տեղղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը՝ այս մասին ասված է Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձում։

«Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։ Ուրախությամբ փաստում եմ, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի»,– ասվում է ուղերձում։

Նշված է ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն ավելի կխորանան, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների»,–ասված է ուղերձում։