Բավ է պառակտվել
12-05-2022 16:17

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և հանդես կգա հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովը կկայանա մայիսի 16-ին Մոսկվայում, հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը, որը կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է նա։

Նա հավելել է, որ այս միջոցառման արդյունքում ԶԼՄ-ների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս երկիրն այժմ նախագահում է կազմակերպությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պեսկովը, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը կարող է անդրադարձ արվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Գագաթնաժողովի շրջանակում սպասվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը։

ՀԱՊԿ-ը անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Կազմակերպության ստեղծման մասին պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի (2012 թվականից չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ) ղեկավարները։ 1993 թվականին կազմակերպությանը միացել են Ադրբեջանը, Վրաստանը (երկու երկրներն էլ դուրս են եկել ՀԱՊԿ-ից 1999 թվականին) և Բելառուսը։