Բավ է պառակտվել
27-01-2021 19:45

Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳՆ ղեկավարին: Հանդիպման մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով Զարիֆին ՝ Փաշինյանն աել է, որ այսօր շատ կարևոր հարցեր կան քննարկելու՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում համագործակցության հարցերը:

«Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է», - ասել է նա, հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա։
Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը:

Ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս միջազգային իրավունքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների և տարածքային ամբողջականության պահպանման դիրքորոշմամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է վարչապետի մամլո ծառայությունը։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն Իրանի լավ հարևանն է, և երկու երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ:

«Իրանում մեծ հարգանքով են վերաբերվում Ձեզ՝ կապված խաղաղության հասնելու ուղղությամբ Ձեր ձեռնարկած քայլերի հետ», - ասել է Զարիֆը։

Նրա խոսքերով, Իրանը կիսում է տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունը, և երկու երկրները կարող են համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Զարիֆը նշել է, որ Ղարաբաղի հարցում Թեհրանի դիրքորոշումը միջազգային իրավունքի, ժողովուրդների, փոքրամասնությունների, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումն է և ուժի չկիրառումը:

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության առաջին իսկ օրվանից մենք անընդհատ կապի մեջ ենք եղել ձեր և տարածաշրջանի այլ երկրների հետ և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ։ Մենք համագործակցության հնարավորություններ ունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք», - ասել է նա:

«Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը», - ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է իրանցիների լավ վերաբերմունքը Իրանի հայկական համայնքի նկատմամբ:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը որպես երկկողմ օրակարգի կարևոր հարցեր է նշել հայ-իրանական հարաբերությունների զարգացումը և խորացումը, տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և զարգացումը:

«Մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և մենք միշտ ուրախ ենք մեր երկրում և կառավարությունում ընդունել Իրանի ներկայացուցիչներին», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եվ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

ՀՀ կառավարության ղեկավարը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Փաշինյանը նշել է, համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների:

Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին: Փաշինյանն ու Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերին և տնտեսական համագործակցության հեռանկարներին: Նրանք նշել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման կարևորությունը:

Ավելի վաղ Զարիֆը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Հայաստան է ժամանել հունվարի 26-ի երեկոյան: Հունվարի 27-ին կայացել են նրա հանդիպումները հայ գործընկեր Արա Այվազյանի, ապա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն արդեն այցելել է Բաքու, Թբիլիսի և Մոսկվա: