Բավ է պառակտվել
28-12-2018 11:18

“Վեդոմոստի”-ի ընթերցողների քվեարկությամբ Փաշինյանը ճանաչվել է “Տարվա մարդ”՝ առաջ անցնելով Թրամփից, Պուտինից և Մերկելից

“Վեդոմոստի” պարբերականի ընթերցողների քվեարկության արդյունքներով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է “Տարվա քաղաքական գործիչ”։

43-ամյա Փաշինյանն առաջ է անցել այնպիսի քաղաքական գործիչներից, ինչպիսիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս անվանակարգում ներառված է եղել նաև Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը։

Մինչդեռ պարբերականի խմբագրությունն այս անվանակարգում հաղթող է ճանաչել Անգելա Մերկելին։

Թերթը նշել է, որ անցնող տարում Փաշինանը գլխավորել է հայկական հեղափոխությունը, չնայած 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա գլխավորած “Ելք” դաշինքը ստացել է 8 տոկոսից քիչ քվե։

Ինչպես գրում է “Վեդոմոստին”, բողոքի ցույցերը սկսվել են մարտի վերջին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նախագահական երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո ցանկացել է իշխանության մնալ որպես ընդլայնված լիազորություններ ունեցող վարչապետ (2015-ին Սահմանադրության համապատասխան փոփոխությունները նախաձեռնելիս նախագահը վստահեցրել է, որ չի հավակնի երկու գլխավոր պաշտոններից և ոչ մեկին):

Ապրիլի 23-ին, Երևանի կենտրոնում բազմօրյա հանրահավաքներից, ցուցարարների կողմից փողոցները, կառավարության շենքերը փակելուց հետո, Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Սակայն ընդդիմությունն արդեն նոր պահանջ է ներկայացրել իշխող Հանրապետական կուսակցությանը․հրաժարվել իշխանությունից և վարչապետ ընտրել Փաշինյանին։ Հանրապետականներին իրենց մտադրությունների լրջությունն ապացուցելու նպատակով ցուցարարները մել օրով շրջափակել են երկրի հիմնական մայրուղիները, և մայիսի 8-ին խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ քվեարկությամբ ընտրել է Փաշինյանին։

Հեղափոխությունն, այնուամենայնիվ, սրանով չի ավարտվել։ Քանի որ խորհրդարանում նախկին իշխանության մեծամասնության պայմաններում աշխատելու հեռանկարը Փաշինյանին կտրականապես չէր բավարարում, նա հոկտեմբերին հրաժարական է տվել` Ազգային ժողովի լուծարմանը հասնելու համար:

Նոր վարչապետ ընտրելու երկու անհաջող փորձերից հետո խորհրդարանը լուծարվել է, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Փաշինյանի դաշինքը անվերապահ հաղթանակ է տարել, ստանալով ընտրողների ավելի քան 70 տոկոսի աջակցությունը: Նախորդ ընտրությունների համեմատ Հանրապետական կուսակցությունը 10 անգամ ավելի քիչ ձայն է հավաքել և չի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: