Բավ է պառակտվել
13-12-2019 16:57

Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա


Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և կոչ անի Թուրքիային վերագնահատել և վերանայել իր դերը մեր տարածաշրջանում”, - հայտարարել է ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

“Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի, Իրաքի Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ և այն փաստը, որ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանն, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ նա այսօր ունի մեր տարածաշրջանում”,- ասել է նա Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումներին նվիրված նիստի ժամանակ:

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի բոլոր կառավարությունները բազմիցս հայտարարել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։

“Մենք նշել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ։ Ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ”,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի, դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր ճանաչելն ընդգծում է վերջիններիս արժանապատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։

“Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահի այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա։ Եվ երբ ՄԱԿ-ն ընդունեց այդ բանաձևը, դժվար էր պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ այդ ձևակերպումը իովին կարդարացնի իրեն”,- ասել է նա։

Այդ համատեքստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև անվտանգային կոմպոնենտ ունի։

“Դա կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից, և ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Անկարայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ նա շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար”,- ասել է նա։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ , իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ ի վեր՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ 2008թ այդ ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր հարաբերությունների կարգավորման գործընթացը։

2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում “Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու” և “Երկկողմանի հարաբերությունները զարգացնելու” վերաբերյալ արձանագրություններ էին ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնող հրամանագիր, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:

2017թ․սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգեկու համար, այն դեպքում, երբ Թուրքիան անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար։

Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության դեպքում Հայաստանը արձանագրությունները կհամարի առ ոչինչ։ Արդեն 2018թ․մարտի 1-ին նա ստորագրել է Հայաստանի և Թուրքիայի միջև “Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին” արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին հրամանագիրը։