Բավ է պառակտվել
04-10-2021 10:39

Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամանակի և տեղի մասին հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետների և տեղի մասին հարցը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ։ Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, եթե այն կազմակերպի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

“Կարծում եմ, որ մենք չունենք ժամանակի և տեղի սահմանափակում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն նման հանդիպումների կազմակերպման փորձ։ Միակ սահմանափակումն այն է, որ նման հանդիպումներն անցնում են երրորդ երկրների տարածքում։

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք դրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սեղանին։

“Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք և պատրաստակամության մասին հայտարարում ենք ոչ առաջին անգամ։ Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հնարավոր կլինի ակտիվացնել ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը”,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ հայ գերիները, պատանդները և այլ պահվող անձինք մինչ օրս Ադրբեջանից հայրենիք չեն վերադարձել։

“Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը որոշակի դրական ֆոն կստեղծի, որի շնորհիվ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, տարածաշրջանային հաղորդակցությունները և ղարաբաղյան հակամարտության համապարփակ և քաղաքական կարգավորման բանակցությունները կարող են ավելի արդյունավետ դառնալ”, - ասել է նա։