Բավ է պառակտվել
17-02-2021 12:14

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում (տեսանյութ)

Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում արտագնա խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Շիրակի մարզի խնդիրներին։
«Մենք այսօր կքննարկենք Շիրակի մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները և շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` ապահովելու համար հետպատերազմական սոցիալ–հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացը», - ասել է Փաշինյանը բաց քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2019 թվականին շոշափելի դրական տեղաշարժ էր նկատվել Գյումրի քաղաքում, սակայն համավարակն ու պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են թողել։ Այնուամենայնիվ, նշել է վարչապետը, մենք պետք է ապահովենք, որ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք, ոչ միայն պատշաճ իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, տրամադրությունը, որը կբավարարի բոլորին։ Վարչապետը կարծում է, որ այսօր «կառուցենք Հայաստանը նորովի» կարգախոսն առավել քան արդիական է։
«Գյումրիի՝ նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր եւ շարունակվում է։ Սա շատ լավ դինամիկա է, որը մենք կարող ենք շարունակել», - ասելլ է Փաշինյանը։
Նշենք, որ Գյումրի այցի օրակարգում ներառված է նաև վարչապետի հանդիպումը Շիրակից անհայտ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հայկական կողմի համար շարունակում է ամենասուրը մնալ Ադրբեջանում պահվող գերիների ու պատանդների վերադարձնելու հարցը: Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին հայտարարելով «ահաբեկիչներ» ու «վարձկաններ»: Այս քաղաքացիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Գերիների թիվն, ըստ որոշ աղբյուրների, առնվազն 100 է: