Բավ է պառակտվել
03-12-2018 12:07

Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Փաշինյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին շաբաթ օրը Վայող Ձորում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի գլխավոր խորհրդական Արմեն Գասպարյանը նախօրեին “Կոմերսանտի” հետ զրույցում ասել է, որ դեկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնակատարը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար և նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի Պետերբուրգում։

“Մեր վերջին հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն առաջարկել է դեկտեմբերի 6-ին չանցկացնել ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այլ աշխատանքային կարգով քննարկումներ անցկացնել, ապա նոր մեկնել պատրաստի որոշմամբ։ Ես համաձայնել եմ, քանի որ համարում եմ, որ այս հարցն ավելի ճիշտ է լուծել աշխատանքային ընթացակարգերով”,- նշել է Փաշինյանը։

“Պայմանավորվածությունը հետևյալն է․ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները՝ մինչև չհասնենք փոխհամաձայնության”,- ասել է Փաշինյանը։

Նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցում։

Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կնշանակվի դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում։ Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը։

ՀԱՊԿ գործող նախագահ հանդիսացող Հայաստանը (ըստ Կազմակերպության անդամ-երկրների անունների՝ ռուսական այբբենական կարգով) պնդում է նշանակել իր ներկայացուցչին, քանի որ Յուրի Խաչատուրովն աշխատել է հասանելիք երեք տարիներից միայն կեսը (հայկական կողմի իրավասությունների ժամկետն ավարտվում է 2020թ.)։ Սրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իրավասությունները փոխանցել իր երկրի ներկայացուցչին։