Բավ է պառակտվել
21-04-2021 16:33

Փաշինյանը կարգադրել է խիստ պատժել Սյունիքում իր այցի դեմ «ակցիայի կազմակերպիչներին»

Քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզ Փաշինյանի այցելության հետ կապված դեպքերի առնչությամբ։

Փաշինյանը հանձնարարել է ուժային կառույցներին պատժել Մեղրի և Ագարակ իր այցի դեմ «ակցիաների կազմակերպիչներին»։ Այս մասին նա հայտարարել է Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության [«մասկի շոու»]»,– ասել է Փաշինյանը։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Փաշինյանը հանձնարարել է կալանավորել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին։

Նշենք որ Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Չորեքշաբթի առավոտյան Ագարակում բուռն են «դիմավորել» վարչապետին։ Նրա ետևից գոչում էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացի՛ր», քաշքշուկ է տեղի ունեցել ուժայինների և վարչապետի հակառակորդների միջև, հնչել են հայհոյանքներ։

Վարչապետը արագ լքել է Ագարակը, ինչից հետո ստիպված է եղել հրաժարվել Մեղրի ու Քաջարան այցերից։

Սյունիքի բնակչությունը վրդովված է իշխանություների ու անձամբ Փաշինյանի լռությունից ի պատասխան Ադրբեջանի նախագահի կրկնվող սպառնալիքների։