Բավ է պառակտվել
11-08-2022 11:04

Փաշինյանը Ռայիսիին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի մանրամասները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Ինչպես տեղեկացնում է հայկական կառավարության մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Փաշինյանը Ռայիսիին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։

Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Իր հերթին, Ռայիսին, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ «Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձ»:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:

Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։