Բավ է պառակտվել
05-01-2020 11:44

Փաշինյանը բացահայտել է հայալեզու կեղծ լուրերը, որոնք մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական և իրանական մամուլում շրջանառվող ապատեղեկատվության հետ:

“Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական “հաջողված” օպերացիա կազմակերպելու համար: Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր”,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ “ազատությունը” սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար:

“Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն”,- գրել է վարչապետը։

Հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ”Էլ-Ղուդս” հատուկ ստորաբաժանման (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Հարվածն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով: Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ “Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն Ամերիկայից”: