Բավ է պառակտվել
25-03-2022 23:53

Փաշինյանն Պուտինի հետ խոսել է ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին՝ կապված Ադրբեջանի ներխուժման հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախում ստեղծված լարված իրավիճակը, տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված»,- ասվում է մամլո հաղորդագրությունում։
Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը և հարակից դիրքերը՝ փորձելով առաջխաղանալ Արցախի արևելյան սահմանի հատվածում։ Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող, հայկական կողմն ունի երեք զոհ և 10-ից ավելի վիրավոր։

Հայաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու ադրբեջանական զինուժի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումն իրենց պատասխանատվության գոտուց, ինչը պետք է նշանակի ադրբեջանական զորքերի վերադարձը ելման դիրքեր մարտի 23-ի դրությամբ։

Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի այս գործողություններն անվանել է պետական ​​մակարդակով իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն՝ ուղղված Արցախի ամբողջական հայաթափմանը և ընդգծել, որ այն պետք է արժանանա համաշխարհային հանրության և միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ամենախիստ գնահատականին։