Բավ է պառակտվել
31-03-2022 20:43

Փաշինյանը խոսել է Պուտինի հետ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների ռիսկի մասին

Իրադրությունը Ղարաբաղում ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ:

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները և ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում և ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը: