Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1994 թվականի հրադադարից հետո սկսված Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը ի սկզբանե նպատակ ուներ տարածաշրջանը վերադարձնել Ադրբեջանին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«1994 թվականից բանակցություններ են վարվում բացառապես Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հարցի շուրջ։ Այսպիսով, այս գործընթացի միակ հնարավոր արդյունքը ԼՂ-ի փաստացի վերադարձն էր Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, չնայած այն բանին, որ այդ սցենարը չիրականացավ, միջազգային հանրությունը, որն ի սկզբանե բանակցությունների նման շրջանակ էր սահմանել, լուրջ դիմադրություն ցույց չտվեց ռազմական գործողություններին։
«Սա իրականություն է, հարգելի համաքաղաքացիներ։ Իսկ երբ, ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, կարո՞ղ էինք այլ կերպ վարվել, թե ոչ, սա բարդ և խորը հարց է։ Ես դա արդեն քննարկել եմ տարբեր ձևաչափերով և պատրաստ եմ նորից դա անել»,- ընդգծեց նա։
Դիմելով Հայաստանի երեք նախկին նախագահներին՝ Փաշինյանը նշել է, որ նրանց մեկնաբանությունները՝ խոսեն, թե ոչ, այլևս նշանակություն չունեն։ «Եթե մտափոխվեք և որոշեք մասնակցել բանավեճին, տեղեկացրեք մեզ»,- հավելեց վարչապետը։