Բավ է պառակտվել
16-05-2022 16:26

Փաշինյանը նշել է դրականը ՀԱՊԿ-ի պատմության մեջ, բայց հիշեցրել է Հայաստանին ոչ բարեկամ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՀԱՊԿ-ի պատմության մեջ շատ դրական բաներ կան, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը եղել է, կա և կլինի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոնը»,- ասել է երկուշաբթի Փաշինյանը, ով նախագահում է Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված հոբելյանական այսօրվա գագաթնաժողովում միայն հոբելյանական հարցեր չեն քննարկվում, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է։

Ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, ՀԱՊԿ գագաթնաժողովը շատ լավ առիթ է որոշ արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար։

Նա իր համաձայնությունն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով բարձրացրել է կարևոր և խնդրահարույց հարցեր՝ կապված ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության հետ։

«Ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսեց Բելառուսի նախագահը։ Քվեարկության հետ կապված՝ նման խնդիր կա, հաճախ քվեարկությունն այնքան էլ սինքրոն չի լինում, բայց, պետք է նշել, որ սա նոր հարց չէ։ Այն երկար ժամանակ է, ինչ ուղեկցում է մեր կազմակերպությանը, և Հայաստանն աշխատանքային կարգով բազմիցս բարձրացրել է այդ հարցը»,- հիշեցրել է Փաշինյանը։

Ավելի վաղ գագաթնաժողովում Լուկաշենկոն հորդորել էր ՀԱՊԿ-ի իր գործընկերներին ամրապնդել քաղաքական փոխգործակցությունն ու համակարգումը միջազգային ասպարեզում, որպեսզի կազմակերպության ձայնն ու դիրքորոշումը տեսանելի և լսելի լինեն։