Բավ է պառակտվել
26-12-2018 15:04

Աշխարհում տեղի է ունենում Հայաստանի իմիջի շատ կարևոր փոփոխություն․ Փաշինյան

Ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն, ինչը լավ հիմք է ստեղծում արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում լուրջ հաջողությունների հասնելու համար։

Նման հայտարարությամբ է հանդես է եկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ։

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել է, որ “կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում”:

Նրա խոսքերով, անցնող տարում Հայաստանում աևձանագրվել է ժողովրդավարության երկու հիմնական հաղթանակ։ “Առաջինը՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ և ընթացել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ”,- նշել է Փաշինյանը:

“Ինչո՞ւ է կարևոր սա ասել հատկապես Արտաքին գործերի նախարարությունում․որովհետև անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն: Հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի բուն նպատակին հասնելու, արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելու, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ՝ խմբ.) հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու համար:

Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել:
Հաջորդ խնդիրը՝ Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է մեր երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար և սրանում, իհարկե, մեր դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր:
Հույս ունեմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեր դիվանագետներին ոչ միայն էներգիա խնայելու հնարավորություն են տվել, այլև լիցքավորել են նոր էներգիայով: 2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում”,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները պետք է վարեն արտաքին քաղաքականությունը լեգիտիմության հենքի վրա, որպես կառավարություն, որը ստացել է ժոովրդի մանդատը և ներկայացնում է ժողովրդի և պետության շահերը։ “Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն այնպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին,- ասել է նա:
“Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարևորագույն առիթով, որովհետև ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019 թվականին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսևորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի: Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին և որևէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին: Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ և շոշափելի հաղթանակներով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դիվանագիտական ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ այդ ծառայության մեջ: Հույս ունեմ, որ այն վստահությունը, որ մեր կառավարությունը ստացել է ժողովրդից, կփոխանցվի նաև մեր դիվանագետներին, ովքեր միջազգային ասպարեզում հանդես կգան ավելի ու ավելի վստահ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ”,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղելավարի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած բարձր պատասխանատվության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչների։