Բավ է պառակտվել
25-06-2020 20:32

Կեսգիշերին Հրայր Թովմասյանը պաշտոնանկ կլինի․ Փաշինյան

Մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Սահմանադրական փոփոխությունները, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

“Խորհրդարանի նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն -ամը 00։01-ից”,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

“Դա անհնար է”․ ՍԴ անդամների հայտարարությունը

Սահմանադրական դատարանի դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանը հինգշաբթի հանդես են եկել հայտարարությամբ։

Նրանք նշել են, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

“Սահմանադրական դատարանի մասին” սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը”,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները նշում են, որ “Սահմանադրական դատարանի մասին” սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:

Օրենքում փոփոխությունները

Հունիս 22-ին Հայաստանն ընդունեց Սահմանադրության փոփոխություններ, որոնցով նախատեսվում է արձակել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և 12 տարուց ավել պաշտոնավարող երեք դատավորների լիազորությունները։ Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև այդ ժամկետի լրանալը։ Այս փոփոխությունների արդյունքում թափուր պաշտոնները լրացվելուց հետո կընտրվի ՍԴ նոր նախագահ 6 տարի ժամկետով։

Այսպիսով, փոփոխությունների համաձայն դադարեցվում են ՍԴ դատավորների լիազորությունները, բացառությամբ՝ 2015 թվականից հետո ընտրվածների։ Իսկ նման դատավորները երկուսն են․ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը։

Քանի որ ընդունված օրինագիծը անմիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ են քվերակել Սահմանադրության համաձայն այն ՍԴ ուղարկելուն։

Հունիսի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է “Հանրաքվեի մասին, “Ազգային ժողովի կանոնակարգի մասին”, “Սահմանադրական դատարանի մասին” սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: