Բավ է պառակտվել
03-09-2018 13:42

Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանել է գլխավոր հուզող հարցերին

Հայաստանում արտահերթ խորհրադարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ քան 2019թ․ մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակին։ Այս մասին նախօրեին հայտնել է Նիլոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից՝ ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերեի հարցերին։
“Այժմ մենք աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա։ Ըստ էության, փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան, մենք քաղաքական քննարկումներ կունենանք այս համատեքստում, և, ի վերջո, նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում՝ կգանք մի ընդհանուր որոշման։ Ինքպես և պայմանավորվել էինք՝ ոչ ուշ, քան 2019 թ․մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակին Հայաստանում պետք է կայանան խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Իհարկե, ասվում է տարվա ընթացքում, և սա նշանակալի չափով կախված է քաղաքական իրավիճակից, և ամեն դեպքում, այդ քաղաքական իրավիճակում հիմնական թելադրող քաղաքական ուժը լինելու է ՀՀ քաղաքացին”, - ասել է վարչապետը։

Ամուլսարի հետ կապված մեր որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա

Վարչապետը շոշափել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցը, հիշեցնելով, որ բնապահպանության և ընդերքօգտագործման տեսչական մարմինը որոշակի ստուգումներ է իրականացրել։

“Դուք գիտեք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, և, որքան ես տեղյակ եմ, ՔԿ-ն պետք է փորձաքննություն նշանակի։ Եվ շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որպեսզի այդ փորձաքննության արդյունքներն ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ, այլ նաև միջազգային հանրության համար, քանի որ սա չափազանց կարևոր հարց է”,- ասել է Փաշինյանն ու շարունակել։ “Մեր դիքորոշումը հետևյալն է․ մեր որոշումն Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել բացառապես անառարկելի փաստերի վրա։ Ցավոք, այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության հանգեցնեն՝ չկան: Այո, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են, սակայն մեզ անառարկելի փաստեր են անհրաժեշտ”։
Բնապահպանության և ընդերքօգտագործման տեսչական մարմնի ստուգումների արդյունքում “Լիդիան” ՓԲԸ-ին առաջարկվել էր զերծ մնալ Ամուլսարի հանքավայրի հետագա շահագործումից՝ մինչև նոր փորձաքննություն և նոր եզրակացության կայացում։

“Սանիթեքը” ձախողում է քաղաքի աղբահանության գորընթացը՝ Փաշինյան

Վարչապետն ասել է, որ չնայած աղբահանությունը վերաբերում է քաղաքային տնտեսությանը՝ կառավարության, Տարածքային զարգացման նախարարության ներկայացուցիչները մշտապես զբաղվում են այս հարցով։
Մայրաքաղաքում աղբահանության ոչ պատշաճ կազմակերպման պատճառով “Սանիթեք” ընկերությունը հուլիսին տուգանվել էր 12 մլն դրամով (մոտ 25 հազ․ դոլար), ինչպես նաև զգուշացվել, որ նման իրավիճակը կրկնվելու դեպքում նրա նկատմամբ պայմանագարով նախատեսված ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Սակայն երևանցիները շարունակում են դժգոհել “Սանիթեքի”աշխատանքից։

“Դուք տեղյակ եք, որ աղբահանության համակարգն ըստ էության, վստահված է եղել “Սանիթեք” ընկերությանը, որն այսօր, փաստացի, ձախողում է այդ գործընթացը։ Փաստացի, քաղաքում այս ոլորտում մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել և վերջին տարիներին այդ համակարգի պատշաճ կառավարում չի իրականացվել, և այսօր մենք կանգնել ենք այս խնդրի առաջ”,- պարզաբանել է վարչապետը։
«Իհարկե, այսօր մայրաքաղաքում տիրող իրավիճակն անընդունելի է։ Դրա պատասխանատվությունը կրում է “Սանիթեքը”, և սա Երևանի քաղաքապետարանի անհեռատես քաղաքականության արդյունք է”,- ավելացրել է նա։

Խնդրի լուծման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշել է․ “այստեղ մենք պետք է լուրջ հայեցակարգային եզրակացություններ անենք, և ես կարծում եմ, որ որպես հնարավոր տարբերակ կարելի է քաղաքի աղբահանության գործընթացը վստահել ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերության”։
Վարչապետը որպես կարևորագույն հարց մատնանշեց թափոնների վերամշակման գործարանի գոյությունը։ “Այսօր կարող եմ ասել, որ կա մի քանի ընկերություն, որոնք հետաքրքրված են այս թեմայով։ Հուսով եմ, մենք կկարողանանք գտնել հուսալի գործընկեր, որը կկազմակերպի աղբահանությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլ, միգուցե և ամբողջ հանրապետությունում։ Կամ կլինեն մի քանի ընկերություն, որոնց շղթայում աղբի վերամշակումը պարտադիր օղակ կլինի”,-պարզաբանել է նա։

Ստեղծվել է էներգակիրների սակագներով զբաղվող աշխատանքային խումբ

Վարչապետն անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Հիշեցնելով, որ որոշ սոցիալական խմբերի համար որոշակի չափաբաժնով էլեկտրաէներգիայի և գազի սակագներն արդեն իջեցվել են 10և 20 դրամով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է էներգակիրների՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հիմնավորվածությունը։

“Ասեմ, որ էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ։ Օրինակ՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Ի նկատի ունեմ, որ այսքան հաստիքի անհրաժեշտություն չկա, սակայն այդ հաստիքները գոյություն ունեն ու մարդիկ աշխատում են և աշխատավարձ ստանում։ Սա շուրջ 3 մլրդ դրամի ճնշում է էլետրաէներգիայի սակագնի վրա”, - պարզաբանել է վարչապետը և շարունակել։ “Մենք չենք պարրաստվում գրչի մի հարվածով 500 աշխատակցի ազատել աշխատանքից, որովհետեւ սոցիալական խնդիր կառաջանա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատանքային շուկայում, տնտեսության մեջ իրավիճակն այնպես փոխվի, որ մի խնդիր լուծելիս մեկ այլը չառաջացնենք”

Որպես էներգետիկ համակարգի առաջնային խնդիր վարչապետը կարևորեց «կարգուկանոն մտցնելու» անհարժեշտությունը։

“Իսկ թանկի և էժանի առումով, մենք պետք է խնդիրը ձևակերպենք այսպես. Էլեկտրաէներգիայի և գազի գինը պետք է լինի արդյունավետ. մենք ոչ թե պետք է անընդհատ սակագին իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ, իրական սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ այն կոռուպցիոն կամ չարաշահումների մեխանիզմների արդյունքում չի ձևավորվել և մտածենք մարդկանց եկամուտների բարձրացմանն աջակցելու մասին, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի”,- մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանը։

Մոտ ապագայում նախատեսվում է վարչապետի այցը Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մոտ ապագայում նա կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
“Վստահ եմ, որ մանրամասն կքննարկենք մեր հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր և կգտնենք շատ խնդիրների լուծումներ “, - ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ հայ-ռուսական համագործակցությունը շարունակվում է “բնականոն և նորմալ ընթացքով”:
Երևանի հասցեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արված քննդատական հայտարությունից հետո՝ կապված մարտի 1- ի գործի շրջանակներում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ ներկայացնելու հետ, շատ վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան դժգոհ է Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանից։ Նման մեկնաբանություններն ավելացան այն բանից հետո, երբ օրերս Ռուսաստանին նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն շնորհավորեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ։